Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 226
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 8
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

08 հունվարի 2021 թվականի N 8

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի կողմից նախաձեռնած 2021 թվականի Արթիկ համայնքի բյուջեի նախագծի հանրային բաց քննարկման

 

Հանրային քննարկման նիստը սկսվեց ժամը 12:00-ին;

 

Ներկա էին՝

Արթիկի համայնքապետարանի աշխատակազմիքարտուղար Ա.Գրիգորյանը, ֆինանսատնտեսական բաժնի պետ Գ. Վարագյանը,  ավագանու անդամներ՝ Ո. Վարդանյանը, Ա. Չոփիկյանը, Ա. Նիկողոսյանը, աշխատակազմի բաժնի պետեր, կազմակերպությունների աշխատակիցներ,  քաղաքացիներ:

Ընթացք.

Արթիկ համայնքի ղեկավար Մ. Վարագյանի կողմից լիազորված անձ` հանրային քննարկման պատասխանատու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանի առաջարկով համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի պետ Գ. Վարագյանը ներկայացրեց բյուջեի նախագիծն ընդհանուր գծերով և նախատեսված հիմնական ցուցանիշներով:

Այնուհետ նիստը վարողն առաջարկեց սկսել  հարցադրումները:

 

Համայնքի բնակիչ Ա. Նահապետյանը  հարց բարձրացրեց համայնքի փողոցներում թափառող կենդանիների թվի աճի վերաբերյալ և հարցրեց, թե  ինչ քայլեր են ձեռնարկում տեղական իշխանություններն այդ հարցի լուծման ուղղությամբ, արդյոք համայնքի 2021 թվականի բյուջեում հատկացումներ նախատեսված են կենդանիների ստերջացման գործընթացի կազմակերպման համար:

Ա. Գրիգորյանը  պատասխանեց, որ տարբեր ատյաններում բարձրացվել է թափառող շների աննախադեպ աճի, դրանց կացարանների ստեղծման և ստերջացման վերաբերյալ հարցերը: Նա նշեց, որ հարցը օրհասական է բոլոր համայնքներում:  Շիրակի մարզում շների ստերջացում իրականացվում է միայն Գյումրիում, և նախնական պայմանավորվածություն ձեռք է բերվել  այդ կազմակերպության հետ, որն առաջարկել են Գյումրիում պլանավորած գործողություններն իրականացնելուց հետո ձեռնամուխ լինել Արթիկում թափառող շների ստերջացմանը:  Նախնական պայմանավորվածությամբ յուրաքանչյուր շան ստերջացումը համայնքի վրա կարժենա մոտ 40 000-50 000  ՀՀ դրամ: Անհրաժեշտ պահին մենք բյուջեից  կհատկացնենք այդ ծախսերը:

Արթիկի ավագանու անդամ Ո. Վարդանյանն իր դժգոհությունն արտահայտեց թափառող շների մասին օրենքի ընդունման վերաբերյալ, նշելով, որ երկրում  համապատասխան խնդրով զբաղվող կազմակերպությունների բացակայության պայմաններում նման օրենքներ չպիտի ընդունի օրենսդիր մարմինը: Բացի այդ մտավախություն հայտնվեց, որ ստերջացված շները մարդկանց, հատկապես երեխաների վրա ամեն դեպքում  հարձակվում են, կան նման բազում օրինակներ:  

Ա. Նահապետյանի մյուս հարցը ճանապարհային լուսավորության  ընդլայնման ծրագրում  ներառված  փողոցներին էր վերաբերում, ինչպես նաև ծրագրի ավարտման  ժամկետներին:  

         Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ 2020 թվականին սուբվենցիոն ծրագրով նախատեսված էր մոտ 500 հենասյուների տեղադրում և լուսավորության ցանցի արդիականացնում: Քանի որ մրցույթը շահող կազմակերպությունը նախահաշվարկային ամենաբարձր գնային շեմի սահմաններում  էր մրցույթը շահել, համայնքն էլ ավելի ցածր գին էր նախատեսել, այդ պատճառով  համայնքային և մարզային իշխանությունները  որոշեցին այդ սուբվենցիոն ծրագիրն իրականացնել  հաջորդ՝ 2021 թվականին: Ծրագրի իրականացմամբ  2021 թվականին Արթիկ համայնքը գրեթե ամբողջությամբ  կլինի լուսավորված:

Ո. Վարդանյանը հարց բարձրացրեց պատերազմում վիրավոր զինծառայողներին հատկացվող 50 000-ական  ՀՀ դրամների տրամադրման սկզբունքի վերաբերյալ: Նա մտավախություն հայտնեց, որ համայնքի բյուջեով հնարավոր  չի այդքան գումար հատկացնել բոլոր վիրավորներին, նշելով, որ ՀՀ կառավարությունն արդեն իսկ սահմանել է պատերազմական գործողություններին մասնակիցների, վիրավորների և զոհվածների ընտանիքներին տրամադրվող փոխհատուցումների չափորոշիչներն ու գումարային  սանդղակները:

Ֆինանսատնտեսական բաժնի պետ Գ. Վարագյանը պատասխանեց, որ այդ գումարները ՀՀ կառավարության կողմից տրվող գումարներ են,  դրանք համայնքային բյուջեի հետ ոչ մի առնչություն չունեն: ՀՀ կառավարությունը հավելյալ դրամական միջոցներ է հատկացրել մարզպետարաններին, իսկ նրանք էլ իրենց հերթին համայնքներին՝ գումարը հնարավորինս արագ վիրավոր զինծառայողներին տրամադրելու նպատակով:  

Ո. Վարդանյանը հարցրեց, թե արդյոք հայրենիքի պաշտպանության համար  զոհված արթիկցիների պանթեոնի կառուցման համար համայնքային բյուջեով գումար նախատեսված է: Նա կարծիք հայտնեց, որ միգուցե   փողոցներ չնորոգվեն, լուսավորության ցանցի ընդլայնում  չլինի, բայց պանթեոնի  կառուցումը գարնանը սեղմ ժամկետներում պիտի իրականացվի:

Ա. Գրիգորյանը պատասխանեց, որ գումար նախատեսված չէ, նախագիծ-նախահաշվարկային փաստաթղթերի ձևակերպումից հետո միայն պարզ կլինի՝ ինչ գումարի մասին է խոսքը: Պանթեոնը կկառուցվի, իսկ անհրաժեշտ ֆինանսական միջոցները բյուջեից ցանկացած  պահին կհատկացվի ավագանու որոշմամբ:  

Ա. Գրիգորյանը ներկայացրեց համայնքում իրականացվող դրամաշնորհային  ծրագրերից մանրամասներ:

Ո. Վարդանյանը դժգոհություն հայտնեց իրականացվող ծրագրերի ավարտման վերջաժամկետների առնչությամբ, նա առաջարկեց  ծրագրերով զբաղվող կազմակերպություններից հստակեցնել  ծրագրերով նախատեսվող գործողությունների  իրականացման վերջնաժամկետները:

<<Արթիկի մարզահամալիր>> ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Երիցյանն առաջարկեց համայնքային  բյուջեով նախատեսել ՀՈԱԿ-ի ջեռուցման համակարգի անցկացման ծախսերը: Նա ասաց, որ հատակը միջազգային  ստանդարտներին համապատասխան վերանորոգվել է  2020 թվականին <<Աջակցություն Հայաստան>> ՀԿ-ի միջոցներով, մոտ 100 սան, մարզվելով  ցուրտ պայմաններում, գրանցում են բարձր ցուցանիշներ՝ շահելով Եվրոպայի առաջնություններում իրենց

 

 

ուժերը չափելու հնարավորություններ: Անշուշտ, արդյունքներն ավելի բարձր կլինեն ջեռուցման առկայության դեպքում:

Նիստը վարող Ա. Գրիգորյանն առաջարկեց նախահաշիվ ներկայացնել ավագանուն, որից հետո կլուծվի կազմակերպությունում ջեռուցման համակարգի անցկացման հարցը:

Ա Գրիգորյանը նշեց, որ ՀՀ կառավարության միջոցներով համայնքում նախատեսվում է կառուցել տիպային մանկապարտեզ, որտեղ կարող են ընդունելություն կազմակերպել նաև մսուրային տարիքի երեխաների համար: Նա ասաց, որ  բյուջեով պետք է իրականացվեն նաև մանկապարտեզի նախագծանախահաշվարկային փաստաթղթերի ծախսերը: Ինչին պետք է պատրաստ լինել՝ ապահովելով բյուջեյի մուտքերը:   

 

Նիստն ավարտվեց ժամը 12:45-ին:

 

 Հանրային քննարկման ուղիղ միացման  հղումը՝ https://studio.youtube.com/video/lNSBG9ccnt8/edit

 



Կից փաստաթղթեր՝
(1.51 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner