Աղբահանության և սանիտարական մաքրման համար չսահմանված վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից կամ աղբահավաք մեքենաներից, ինչպես նաև սահմանված կարգով կազմակերպված կամ նախատեսված փոխաբեռնման կայաններից ու աղբավայրերից դուրս՝
• մինչև երկու կիլոգրամ քաշ ունեցող սպառման աղբ թափելը առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի տասնվեցապատիկի չափով.
• սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված արարքը կատարելը բնակելի, հասարակական կամ այլ նշանակության շենքերից կամ այլ շինություններից՝ առաջացնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից քսանհինգապատիկի չափով.
• երկու կիլոգրամից ավելի զանգվածով սպառման աղբ թափելը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքի՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ ութսունապատիկից հարյուրապատիկի չափով:
• մեկ խորանարդ մետրից ավելի ծավալով սպառման աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ հարյուրհիսնապատիկից երկուհարյուրապատիկի չափով.
• խոշոր եզրաչափի աղբ (երկու և ավելի քառակուսի մետր զբաղեցնող խոշոր կենցաղային և ոչ կենցաղային սարքավորումներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոցի հենասարք, թափք, մետաղական ջարդոն, էլեկտրատեխնիկական սարքավորումներ կամ այլ նմանատիպ իրեր) թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.
• մարտկոցներ, էլեկտրական կուտակիչներ, էլեկտրալամպեր, էլեկտրոնային ապրանքներ, գրաֆիտային էլեկտրոդներ թափելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով.
• մինչև մեկ խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկից երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի վաթսունապատիկից ութսունապատիկի չափով.
• մեկից ավելի խորանարդ մետր ծավալով շինարարական աղբ թափելը՝ առաջացնում է տուգանք՝ ֆիզիկական անձի նկատմամբ՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ութսունապատիկի չափով, իսկ իրավաբանական անձի նկատմամբ՝ երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով.