arm rus eng a

 
 
Հիմնական Էջ | Արթիկի մասին | Ծառայություններ |Լուսանկարներ| Էլ-փոստ | Լինկեր | Կանտակտներ | Գրքեր
 
 

Ստեղծագործող արթիկցիներ

     
 

1 2 3

Գագիկ Հառիճեցի

Ծնվել է 1955թ. Արթիկի շրջանի Հառիճ գյուղում: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը: Աշխատել է որպես ուսուցիչ, <<Հառի>>-ի պատմամշակութային թանգարանի գլխավոր ֆոնդապահ ու գիտաշխատող: Տպագրվել է դեռևս դպրոցական տարիներին <<Պիոոներ կանչ>>, <<Սովետական Հայաստան>>, <<Ավանգարդ>>, <<Լեռնագործ>> և այլ թերթերում: Ունի իր գյուղի նշանավոր մարդկանց մասին գրքույկ` կոչված <<Հառիճեցիներ>>: Զբաղվում է քանդակագործությամբ: Նրա գեղաքանդակ խաչքարը Բրուսելում հավերժացնում է 1915թ-ի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

 

Պարզապես իմ բախտն ուրիշ է եղել,

Անհարգի շատ եմ ես ամթ ապրել,

Պարզապես ամեն չնչինությունից

Ես շատ եմ խոցվել ու վիրավորվել:

Ու թե իմ անեղծ լավության վարձը

Եթե եղել է, ապա` անազնիվ,

Ապրել եմ միայն շղթայված կյանքով,

Մոտ բարեկամի քմահաճույքով:

Չափից ավելի եմ ես հպարտ եղել

Ու վատին նայել քամահրանքով,

Համոզմունքով, որ Աստված բարի,

Ամենքին կտա իր արժանիքով:

Պարզապես ես իմ անկատար գործից,

Կիսատ մնացած նպատակներից,

Թե շատ եմ հուզվել ու հուսալքվել,

Սակայն չեմ ընկել, ինձ չեմ կորցրել:

Գործել եմ վստահ վաղվա հավատով,

Չնահանջելու աներկբա կամքով,

Լավ է կործանվել, քան թե վախենալ`

Պարզապես բախտն է ինձ միշտ հալածել:

 

Գայանե Պետոյան

Ծնվել է 1962թ. Արթիկ քաղաքում: 1980 թ-ին ընդունվել է Երևանի անասնաբուծական- անասնաբուժական ինստիտուտը: Աշխատել է Արթիկի անասնաբուժական կայանում, որպես էպիզոտոլոգ: Հետո աշխատել է Երևանի անասնաբուծական- անասնաբուժական ինստիտուտի թերապիայի անբիոնում, ուրտեղ և 1997թ. ձևակերպվել  է որպես հայցուրդ: 2000թ. պաշտպանել է թեկնածուական թեզը <<Նոր դեղախառնուրդի մշակումը հորթերի դիսպեպսիայի դեքում>> թեմայով, որի համար նրան շնորհվել է անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2002թ. ընդունվել է հայկական գյուղատնտեսական ակադեմիայի դոկտորատուրան, ուր մինչև այժմ աշխատում է որպես դասախոս: Ունի գիտական 18 աշխատություններ:

 

Գայանե Աղաքարյան

Ծնվել է 1960թ. Արթիկ քաղաքում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Սիրում է պոեզիան և ստեղծագործում է:

 

Առաջին զավակս

Եկար ու քեզնով լցրիր աշխարհս…

Իմ երջանկություն, իմ մինուճարս

Առաջին ծաղիկ իմ կյանքի գարնան,

Իմ խինդ ու բերկրանք,

Իմ աղոթք ու երգ,

Իմ թափառ սրտի բաղձալի օրրան:

Քո անգո գույնով իմ անցյալ, ներկան

Եվ գալիք կյանքին իմաստ ես տվել

Դեռ աշխարհ չեկած`

 Քեզանով ես արել

Աշխարհս արար,

Իմ լուսե մանկիկ,

Արծաթե երազ…

 

Գոհար Հակոբյան

Ծնվել է 1986թ. Արթիկում: Սովորում է Երևանի Հյուսիսային համալսարանի Արթիկի բաժանմունքի ժուռնալիստիկայի ֆակուլտետոում:

 

Դու’ հոգու երգ, սրտի նշխարք,

Իմ աշխարհով լցված աշխարհ,

Դու’ ծովի ափ, գետի եզերք,

Դու’ իմ փշուր, իմ տիեզերք:

Դու’ամեն տեղ, դու’ ամեն ինչ,

Քեզանից բացի չկա ոչինչ:

 

Գարիկ Հովսեփյան

Ծնվել է 1979թ. Արթիկում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Զբաղվում է գեղանկարչությամբ:

 

 

 

Գրիգոր Ափոյան

 

Ծնվել է 1926թ. Արթիկում: Ստեղծագործել սկսել է վաղ հասակում: Նրա կտավները հայկական բնաշխարհի գույները կրող ավազահատիկներով, ֆուֆի փոշիով ստեղծագործ արվեստի ինքնատիպ գործեր են: Ստեղծագործությունները ցուցադրվել են Մոսկվայում, Վենյուսում, Երևանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Վրաստանում: Արժանացել է ԽՍՀ ԺՏՆՑ-ի ոսկե մեդալին, բազմաթիվ դիպլոմների և պատվոգրերի: Արթիկ ոտք դնող ամեն մի հյուր սիրով է այցելում  նկարչի արհեստանոցը:

 

Երեմ Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետության վաստակավոր ժուռնալիստ, կուլտուրայի վաստակավոր գործիչ:

 

Երվանդ Բիչախչյան

Ծնվել է 1947թ. Արթիկում: 1981թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչական բաժինը: Մասնակցել է համամիութենական և հանրապետական բազմաթիվ ցուցահանդեսների: 1988թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է , բազմաժանր նկարիչ է, իր ստեղծագործությունները բնորոշվում են գույների դինամիզմով:  Նրա կոմպոզիցիոն աշխատանքները հակում ունեն դեպի խորհրդապաշտություն: Նկարիչը նույն հաջողությամբ աշխատում է գրաֆիկայի ժանրում:

 

Ժոռա Մելիքյան

Ծնվել է 1937թ. Արթիկում: Ստեղծագործել է պատանեկան հասակից: Գրել է բանաստեղծությունների շարքեր, պոեմներ, բալլադներ, քառյակներ, որոնք տպագրվել են մի շարք թերթերում: Ժոռա Մելիքյանի կողմից Աստվածաշնչի և բնական գիտությունների համադրությամբ գրվել է մի տեսություն, որը անվանվել է տիեզերական բանականություն կամ ընդհանուր գոյաբանություն: Հեղինակը ուրույն մեթոդաբանությամբ բացահայտում է աներևույթից երևութական տիեզերքի, ապա կյանքի կայացման օրինաչափություններ, որոնք ըստ հեղինակի կազմում են հայաբանություն: Նա նշում է , որ գոյաբանության տեսության մասին վկայված են Աստվածաշնչում: Աշխատության առաջին մասը տպագրվել է փոքր քանակով: Հեղինակը ակնկալում է աջակցություն աշխատության  /1.2.3-րդ մասերի/ լրիվ հրատարակման համար:

 

Քայլում եմ , անցնում փողոցով

Նայում եմ ուղիղ մարդկանց աչքերին:

Նրանց հայացքը ինձ է ուղղված.

Ես որոնում եմ աչքերում նրանց

Խինդը երեկվա

Եվ էլի ինչ-որ մի լավ բան:

Գուցե թե նոույնն են որոնում նրանք

Հենց իմ աչքերում…

 

Լարիսա Առակյան

Կյանքից վաղ հեռացավ քնքուշ ու նուրբ զգացմունքների տեր բանաստեղծուհին`հասցնելով հրատարակել բանաստեղծությունների ժողովածու: Նա ծնվել է 1948թ. Արթիկ քաղաքում: Ստեղծագործել սկսել է վաղ հասակից:

 

Լայն բացեք պատուհաները,

Լայն, լայն բացեք դռները,

Երկնքի դռներն էլ բացեք:

Եվ ապրել եք ուզում,

Եվ փակել եք թթվածնի ճամփան:

Ամեն ինչից շատ թթվածին է պետք…

… անգամ քարերին է պետք,

որ ապրեն դարերում.

Քարերը շատ բան ունեն պատմելու…

 

Լենվել Մկրտչյան

 

Ծնվել է 1929թ. Հառիճում: Երկարամյա մանկավարժ է: Թղթակցել է Արթիկի և Ապարանի շրջանային թերթերում:

Դու գիտես

Դու գիտես, որ քո աշխարհում,

Իմ պատկերն ես ընկալու,

Իսկ իմ աչքերում քո սիրուն

Պորտրետն է հուրհրում:

Երբ ես անձդ եմ տեսնում,

Չեմ ուզում,որ աչք թարթեմ

Չեմ ուզում, որ մի վայրկյան

Թեկուզ ինձնից հեռանաս:

Դու էլ, հոգիս, իմ անգին,

Եվ ինձ համար թանկագին

Քո աչքերը չթարթես

Եվ իմ խաթրին չկպնես:

 

Լուսինե Ղազարյան

 

Ծնվել է 1985թ. Արթիկում: Սովորել է Երևանի Հյուսիսային համալսարանի Արթիկի բաժանմունքի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:

 

Ցավում է սիրտս, մորմոքում,

Երբ ես նորից քեզ եմ հիշում:

Չես մտածում դու իմ մասին,

Չես կարեկցում այս վատ պահին:

Չեմ կարող, բայց ցանկանում եմ

Մոռանալ քեզ հավիտյան,

Ես ուզում եմ ու տենչում եմ,

Բայց ցավում է սիրտս միայն:

Խենթանում եմ լոկ այն մտքից,

Երբ տեսնելով դու ինձ հեռվից`

Մտածում ես. <<Թոզ անց կենա,

Ինչ վերք է որ, կլավանա>>:

 

Լիլիթ

 

1985թ-ին ավարտել է Երևանի Խ.Աբովյանի մանկավարժական  համալսարանը: Սկսել է ստեղծագործել դպրոցական հասակից: 1992թ-ին լույս է ընծայվել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն` <<Սիրո մանանա>> խորագրով, որն արժանացել է Հայաստանի գրողների միության Ավետիք Իսահակյանի անվան ամենայն մրցանակին: Կատարում է թարգմանություններ: Թարգմանել է մի շարք արտասահմանյան գրքեր: ՀՀ անդամ է 1995թ-ին:

Քաղաքը

Այդ ե±րբ այդքան մեծացա,

Որ փողոցը իմ տունը դարձրին

Եվ սովորեցնում են պորտը բաց

Գիշերային ակումբների հետ մերձենալ`

Խոստանալով հասունության վկայականի

Պճնազարդ նվիրատվություն…

Ինձանից խլեցին հոգուս բնածին գույնը:

Արդեն քանի կյանք մի գիշերում ապրեցի,

Ծարավ երակներիս թողել են մի բաժակ ջուր

Սփոփանք, որ լինի պղպջակային թղթախաղով,

Բայց միևնույն է, իմ գոյության ճիչով կործանելու եմ

Մամլիչ ժամանակի գանգատուփը:

Ես դատապարտված եմ ապրելու…

 

 

Լիդա Մկրտչյան

 

Ծնվել է 1953թ. Արթիկի շրջանի Հառիճ գյուղում:  Ուսուցչուհի է: Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտը: Սիրում է պոեզիան և ստեղծագործում է ուսանողական տարիներց:

 

Ետ բերեք

Կարոտել եմ մանկությունս, ե’տ բերե’ք,

Մեր հին տունը, ծառ ու բակը, ե’տ բերե’ք,

Հով զեփյուռը` պապակ հոգին գոհացնող,

Մորս բարի, ջերմ ժպիտը, ե’տ բերե’ք:

Պապիս խորունկ խրատները, ե’տ բերե’ք,

Նրա դրած դեզի բույրը, ե’տ բերե’ք:

Ծիծառների անուշ համերգ հիշեցնող

Ծլվլոցը, ծղրտոցը, ե’տ բերե’ք…

Կարոտել եմ իմ մանկության անմեղ խաղին, ե’տ բերե’ք,

Ընկերներին, հող ու ջրին, ե’տ բերե’ք:

Մեղմ հովիկից լուռ ծփացող դաշտերի

Ծանրությունից բերրք բարիքը, գլխիկոր

Անուշ բույրը` խոտ ու հարկի, ե’տ բերե’ք:

Ծերանում եմ հոգիս կարոտ աշխարհին,

Հորս դադրած բազուկները, ե’տ բերե’ք:

Լուռ տառապած, մոմի նման մեղմ հալվող

Մորս անուշ, ջերմ խոսքերը, ե’տ բերե’ք…

 

Կարապետ Թորոսյան

 

Աշուն

Աշունը ոսկե իր գույներն առած այգի է մտել,

Աշունը սարում առաջվա կորած իր երգն է գտել:

Խելագար քամին ծառերից պոկած աշունն է տանում,

Բայց տես, մի տերև դեռ համառում է,

Իր վերջին շնչով ծառիցը կպել, չի ուզում պոկվել.

Կյանքի համար է տերևը դողում…

Քամին իմ շուրթից քո անունն անգամ խլել է ուզում,

Սիրո համար են շուրթերս դողում…

 

Հենզել Պողոսյան

Ծնվել է 1950թ. Արթիկում: Բոլորը նրան ճանաչում են  որպես մարդուն ծայրից ծայր հասկացող ու հասնող մարդու, գեղարվեստի կրողի, անփոխարինելի ասմունքողի, հումորի նուրբ զգացողությամբ լեցուն ընկերոջ: Նա կարող է ժամերով արտասանել Նարեկացի, Չարենց, Իսահակյան, Պետեֆի, Ապոլիներ, Սևակ ու Շիրազ  և չավարտել:

 

Երկու գառ մեկ ոչխարի դիմաց

Մեր տուն է գալիս հին ծանոթներց մեկը, որը վաղուց հարկ չէր համարել բացել իմ դուռը:

_ Եկել  եմ, որ երեխիս ընդունել տաս տեխնիկում… երկու գառն էլ ավտոի մեջ է : Առանց երեխի մակարդակը` գիտելիքի կարողությունը հարցնելու, վրցրի հեռախոսափողն ու զանգեցի տեխնիկումի ընկերոջս.

_ Լսիր,_ ասացի,_ երկու գառ որ տամ, մեկ ուչխար կընդունե±ս…

 

Գառն ու ոչխարը

Գյուղից մի ընկեր հրավիրել էր տուն:  Նա անընդհատ կնոջը հրահանգում էր. <<Տո, ոչխա’ր, էս բեր, էն բեր>>… Ասի.

_ Այ, հոգուդ մեռնիմ, ինչու± ես վիրավորում կնոջդ: Մեր տուն որ հյուր է գալիս,  ես կնոջս ասում եմ. <<գա’ռ ջան, էս բեր, էն բեր>>: Նույն ոչխարն է բայց չի նեղանում:

 

Հովհաննես Սարոյան

 

Ծնվել է 1986թ. Արթիկում: Սովորում է  Հյուսիսային համալսարանի Արթիկի բաժանմունքում: Սիրում է պոեզիան և գրել սկսել է աշակերտական տարիներից:

Ես երբեք էլ չեմ հասկանում,

Թե դու ինչու իմ տանջանքը չես նկատում:

Դու, սիրելի’ս, ինձ նայում ես

Այնպես, ասես թե սիրում ես,

Դու, սիրեկի’ս, ինձ նայում ես

Այնպես, ասես թե տանջվում ես,

Պարզապես ես, քո սիրելն ու տանջվելը

Հենց քեզ նման` հիմարաբար չեմ հասկանում:

 

Համբարձում Պողոսյան

Ծնվել է 1940թ. Ախուրյանում: Ընդունվել է Լենինականի բժշկական ուսումնարանը: 1977թ. ընդունվել է Երևանի պետ. Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1972-1982թթ եղել Արթիկի քաղխորհրդի գործկոմի կազմ-հրահանգչական բաժնի վարիչ: 1977թ. Ընդունվել է Երևանի պետ. Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1982թ-ից ընդունվել է Արթիկի շրջ. ժող. դատավոր և աշխատել է մինչև 1996թ.:  1996թ-ից առ այսօր աշխատում է Արթիկի քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետ: Դասավանդում է նաև  Հյուսիսային համալսարանի Արթիկի մասնաճյուղի իրավաբանական ֆակուլտետում: Ստեղծագործել է 16 տարեկանից:

 

Այնպես գեղեցիկ է տխրությունը քո,

Այնպես հմայիչ` աչքերդ թախծոտ,

Որ քո մոգական հայացքի ներքո

Այնպես դողում է իմ սիրտը երկչոտ:

Այնպես հստակ է քո խաղաղ հոգին`

Կարծես աստղազարդ մի գիշեր լինի.

Թող այդ աստղերը լույս սփռեն ուղուս`

Որպես կանթեղներ ապրելիք կյանքիս:

 

Հարություն Բաղեյան

Ծնվել է 1954թ. Արթիկի շրջանի  Նոր կյանք գյուղում: Աշխատել է մանկավարժ, շրջանային <<Լեռնագործ>> թերթում, խմբագրել է <<Կանթեղ>> թերթը: Մասնակցել է Արցախի ազատագրական մարտերին: Նրա արձակ և չափածո ստեղծագործությունները տպագրվել են տեղական թերթերում:

 

Հովհաննես Աթանեսյան

Ծնվել է 1950թ. Արթիկում: Ունի բարձրագույն կրթություն: Երկար տարիներ եղել է Արթիկի ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ղեկավարել է Արթիկի քաղաքապետարանի մշակույթի բաժինը: Ներկայումս մշակույթի կենտրոնի տնօրենն է: Զբաղվում է գեղնկարչությամբ ու քանդակագործությամբ:

 

Հովհան Քարտաշյան

Ծնվել է 1978թ. Արթիկում: Ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը: Նույն տարում ընդունվլ է Երևանի գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչական ֆակուլտետը և 2003թ. ավարտել է այն գերազանց գնահատականներով: Դիպլոմային աշխատանքը ճանաչվել է տարվա երեք լավագույն աշխատանքներից մեկը: 1996թ. գրաֆիկական երկու աշխատանքներով մասնակցել է հանրապետական մանկապատանեկան փառատոնին և արժանացել 1-ին կարգի դիպլոմի: Մասնակցել է հանրապետական և արտասահմանյան ցուցահանդեսների:

 

 

 
 

 

Հիմնական Թջ | Արթիկիմասին | Ծառայություններ | Լուսանկարներ| Էլ-փոստ | Լինկեր | Կանտակտներ| Գրքեր


Չորեքշաբթի, Նոյեմբեր 21, 2007

Copyright© 2005-2007 Alfa telecomunications. .
All rights reserved.
..................................................................................................
Send comments and suggestions to
info@artik.am