Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 27
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

30 սեպտեմբերի 2022 թվականի N 27

«ՀԱՍՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի «Հարավային» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ/

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:30-ին:

Ներկա էին՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը, բնապահպանական խորհրդատու Զարուհի Զուռնաչյանը, Արթիկի համայնքապետարանի համապատսախան բաժինների աշխատակիցներ, կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ:

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ Արթիկ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ա. Հարությունյանը:  Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման նպատակը. Արթիկ համայնքի Տուֆաշեն գյուղի վարչական տարածքում հանքի շահագործման աշխատանքների նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: Նա խնդրեց մասնակիցներից իրենց հուզող բոլոր հարցերը բարձրաձայնել և քննարկել:

Ելույթ ունեցան

Բնապահպանական խորհրդատու Զարուհի Զուռնաչյանը:

Նա ներկաներին տեղեկացրեց, որ տվյալ գործունեությունը <<Ա>> կատեգորիայի գործունեություն է և ենթակա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման փորձաքննության, այդ գործընթացը կարգավորվում է  <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն: Այս հանրային քննարկումները կազմակերպվել են սույն օրենքի /21.06.2014թ. Հ0_110_Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325_Ն որոշման հավելվածի համաձայն: Սա երկրորդ հանրային քննարկումներն են: Հանքավայրի պաշարները 1974 թվականից հաստատված են եղել որպես հանքավայր և  շահագործվել են: «ՀԱՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ» ՍՊ ընկերությունն Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի Հարավային տեղամասի տուֆի հանքի տարեկան արտադրողականությունը նախատեսում է շուրջ 15000 հազ.մ3 արդյունահանվող պաշար: Մարվող պաշարները շուրջ 350 հազ. խմ: Հանքի ծառայման ժամկետը կազմում է մինչև 20 տարի:

Հանքավայրի հայցվող տարածքում նախկինում  հիմնականում իրականացվել են մակաբացման աշխատանքները, հողաբուսաշերտը բացակայում է:

Տուֆերի արդյունահանումը նախատեսվում է կատարել շուրջ տարի: Հանքարդյունահանման աշխատանքները կատարվելու են մեկ հերթափոխ, 8 ժամ աշխատանքային ռեժիմով: Խորհրդատու Զ. Զուռնաչյանը հանքավայրի պարամետրերը նշելուց հետո ներկայացրեց, որ հայտում ներառված են բոլոր բնապահպանական միջոցառումները, և ներկաներին խնդրեց բարձրացնել իրենց հուզող հարցերը:

Համայնքի բնակիչ Մ. Մկրտչյանն ասաց, որ հանքի վերաշահագործմանն իրենք սպասում են: Լինելով  մասնագիտությամբ քարհատ՝ նա ողջունում է ընկերության նախաձեռնությունը: Հանքի շահագործումը  շրջակա միջավայրի վրա էական մեծ վնասներ չի կարող հասցնել, քանի որ հեռու է բնակավայրերից, բացի այդ հանքավայրերի տարածքներում մշակովի հողոտարածքներ չկան:

Ընկերության տնօրեն Սահակ Սահակյանը ասաց, որ  հանքավայրերի վերաշահագործումով կստեղծվի մոտ 20-25 աշխատատեղ, որով համայնքի համար կարևոր սոցիալական խնդիր կլուծվի: Կազմակերպությունն իր աշխատանքային հնարավորությունների սահմաններում պատրաստ է իր առջև դրված պահանջներն ի կատար ածել: Հանքավայրերում աշխատողների համար պիտի ստեղծվեն պետականորեն պահանջված բոլոր պայմանները՝ ջուր, լոգախցիկներ, աշխատողները ստանելու են բարձր աշխատավարձ: Աշխատողներն էլ  պետք  է  լինեն տվյալ համայնքից:

Արթիկի ավագանու անդամ Ա. Աստոյանը հարցրեց, թե ինչ գործողություններ է պլանավորել ընկերությունը բնապահպանական ռիսկերը նվազեցնելու համար:  Տուֆաշեն գյուղից 800 մ հեռավորության վրա գտնվող հանքավայրը ինչ հեռավորություն ունի Հայկասար գյուղից: Ա. Աստոյանը կարևորեց, որ ներկայում շահագործվող հանքավայրերը պետք է համապատասխանեն ժամանակակից պահանջներին, ընկերությունը գործողություններն ու աշխատանքն այնպես պիտի  կազմակերպի, որ  և´ բնակիչները, և´ հանքավայրում աշխատողները լինեն պաշտպանված:

Խորհրդատու Զ. Զուռնաչյանը պատասխանեց, որ հանքավայրը Հայրենյաց գյուղից 2.5 կմ-ից ավելի հեռավորության վրա է գտնվում, դրա համար այն ներառված չէ հայտում:  Համաձայն 245-71 սանիտարական նորմերի, 7-րդ դասի լեռնային ապարների հանքավայրերի համար սանիտարապաշտպանիչ գոտու մեծությունը կազմում է 50.0մ: Քանի որ մոտակա բնակավայրը գտնվում է ավելի մեծ  հեռավորության վրա՝ նվազագույնը 0,8կմ, ուստի հատուկ միջոցառումներ չեն նախատեսվում: Նա ասաց, որ նախնական գնահատման հայտի 5-րդ գլխում մանրամասն նկարագրված են բոլոր բնապահպանական ռիսկները: Զ. Զուռնաչյանը նաև խոսեց  ռեկուլտիվացիայի գործընթացից, հնարավոր բոլոր ռիսկների և պետության կողմից ոլորտը կանոնակորգող օրենքների մասին:

Նիստը վարող Ա. Հարությունյանը լրացրեց, որ ընկերությունը հանքավայրի ռեկուլտիվացիայի համար գումարներ պետությանը մուծում է, բացի դրանից՝  <<ՀԱՍՍԱ ԱՆԴՐԱՆԻԿ>> ՍՊԸ-ն պարտավորվում է գյուղի տարածքում 2 հա հանքատարածք իր միջոցներով  ռեկուլտիվացիա անել, տարածքը ծառապատել:

Ընկերության ներկայացուցիչն ասաց, որ իրենք կդիմեն Շրջակա միջավայրի նախարարություն, եթե Տուֆաշենի  լքված հանքավայրերում, որոնք գտնվում են ընկերության կողմից վարձակալված  հանքավայրի հարևանությամբ,  հանքապաշարը սպառված է, ապա իրենք պատրաստ են այդ տարածքները ռեկուլտիվացիա անել: 

Ա. Աստոյանը առաջարկեց ընկերությանը ծառատունկ կազմակերպել Տուֆաշենում, քանի որ վարչական տարածքը աղքատ է բուսականությունից: Նա կարևորեց  ծառատունկից հետո տնկիների մասին  խնամքը:

Ընկերության ներկայացուցիչն իր պատրաստակամությունը հայտնեց իր հնարավորությունների շրջանակներում մասնակցել համայնքի համար կարևոր խնդիրների լուծմանը:

Նիստը վարող Ա. Հարությունյանը հարցրեց՝  ինչ ճանապարհով պետք է երթևեկեն հանք մտնող և դուրս եկող  բեռնատարները:

Ընկերության ներկայացուցիչ Ս. Սահակյանն ասաց, որ գլխավոր ճանապարհը հանքավայրից գտնվում է  500-600 մ հեռավորությամբ, Տուֆաշենի նոր ասֆալտապատ   ճանապարհով իրենք չեն  երթևեկի:  

Ա. Աստոյանը հարցրեց՝  ինչ հաճախականությամբ է ջրցան մեքենան աշխատելու:

 Զ. Զուռնաչյանը պատասխանեց՝ 2-3 անգամ: Ջրօգտագործման ծավալները կախված են  արդյունահանման ծավալներից: Նախագծման փւլից հետո ծավալների և մակերեսի մասին կխոսվի ավելի կոնկրետ և այս բնույթի  հարցերին կտրվեն հստակ պատասխաններ:

Խորհրդատու Զ. Զուռնաչյանը հավելեց, որ սոցիալական ծրագրերը նույնպես ներառվում են նախագծի  փուլում, հետագայում  կմասնավորեցվի, թե որ հոդվածով որքան սոցիալական ներդրում պիտի լինի: Գումարի չափերը կախված են տարեկան արտադրողականությունից:  

Համայնքի բնակիչ Կ. Հարությունյանն  ասաց, որ հանքը նախկինում շահագործված է եղել, և հիմա ինքը  ճիշտ է  գտնում, որ հանքը կրկին վերաշահագործի, գյուղի բնակիչներն աշխատեն այդ հանքերում: Տարածքում  արոտավայր, ցանքատարածք չկա, որ գյուղացին  դժգոհի:  

Քանի որ այլ հարցեր չհնչեցին, նիստը վարող Ա. Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին և փակեց նիստը: 

  Հանրային քննարկումն ավարտվեց 13:05-ին:   



Կից փաստաթղթեր՝
(1.96 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner