Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 9
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

10 փետրվարի 2021 թվականի N 9

ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում <<Կլորիկ>> ՍՊԸ-ին կողմից ներկայացված Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի <<Արևելյան>> տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ 2-րդ հանրային քննարկմուն

Արձանագրություն թիվ 2

ՀՀ ՇՄ Արթիկ համայնքում <<Կլորիկ>> ՍՊԸ-ին կողմից ներկայացված  Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի <<Արևելյան>> տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ 2-րդ հանրային քննարկման

 

                 29.01.2021թ.                                                             ք. Արթիկ

 

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2021 թվականի հունվարի  29-ին ժամը 14:00-ին ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքի համայնքապետարանում տեղի ունեցավ <<Կլորիկ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված  Արթիկի հրաբխային տուֆերի հանքավայրի <<Արևելյան>> տեղամասի հանքարդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի  վերաբերյալ 2-րդ հանրային քննարկումը:

Հանրային քննարկմանը մասնակցում էին Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը, Արթիկ համայնքի ավագանու անդամ Ա. Նիկողոսյանը,  Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության, հողօգտագործման և կոմունալ բաժնի պետ Ս. Տեր Կարապետյանը, նույն բաժնի  աշխատակիցներ, <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրեն Տ. Պետրոսյանը, նախագծող ինժեներ Մ. Հարությունյանը,   համայնքի բնակիչներ:

 

Նիստը վարում էր Արթիկի  համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Ա. Գրիգորյանը: Նա  մասնակիցներին ներկայացրեց հանդիպման օրակարգը, այն է՝ նախատեսվող գործունեության համար <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի պահանջներով հանրային քննարկումների անցկացում: Ա. Գրիգորյանը  ներկայացրեց, որ <<Կլորիկ>> ՍՊԸ-ի տնօրենն Արթիկ համայնքի վարչական սահմանում գտնվող հանքերում ցանկանում է կազմակերպել տուֆ քարի արդյունահանում: Նա նշեց, այնտեղ, որտեղ նախատեսվում է շահագործման հանձնել հանքավայրերը, մոտ է գտնվում ՇՄ նախարարության ԲԾԻԳ-ի կողմից <<Արթիկ քաղաքաի փակ քարհանքերի և ջրհեղեղների կառավարում>> պիլոտային ծրագրով իրականացվող 40 հա տարածքին: Նա խնդրեց պարզաբանել նաև ինչ բնապահպանական խնդիրներ կառաջանան հանքի շահագործման և ծրագրի իրականացման ընթացքում և հորդորեց  մասնակիցներին քննարկմանը լինել ակտիվ:

 

Ելույթ ունեցան.

1.     <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ի մասնագետ Հ. Մկրտչյանը, ով  մասնակիցներին ներկայացրեց <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի նախնական 
գնահատման  փորձաքննության առարկան և իրավական հիմքերը: Նա նշեց, որ այս ծրագրով նախատեսվող գործունեությունը Ա կարգի գործունեություն է,  և օրենքով սահմանված կարգով այսօր կայանում է հանրային քննարկումների 2-րդ փուլը:

2.    <<Կլորիկ>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտի նախագծող՝ ինժեներ երկրաբան Մ. Հարությունյանը նշեց, որ սա դեռևս նախնական փուլն է, իրենք դեռևս պետք է ստանան տեխնիկական առաջադրանք՝ նախագիծը պատրաստելու համար: Նա ասաց, որ իրենք  ներկայացրել են նախնական հայտ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ առաջին կարծիքն իմանալու համար: Հիմնական փուլում, երբ կստանան տեխնիկական առաջադրանքը նախագծի կազմման համար, այդ ժամանակ կներկայացվի իրենց գործողությունների մասին տեղեկատվություն ավելի մանրամասն: Իրենց  նախնական ուսումնասիրությունների արդյունքում  խանգարող հանգամանք չկա այդ տարածքներում հանքարդյունահանում իրականացնելու համար, և սպասում են Ջրջակա միջավայրի նախարարության համապատասխան փորձաքննության եզրակացությանը:

3.    Նիստը վարող Ա. Գրիգորյանը նշեց, որ նշված տարածքներում նախկինում <<Արթիկ Տուֆ>> ՓԲԸ-ի կողմից իրականացվել է քարի արդյունահանություն, սակայն ընկերության սնանկացումից հետո քարի արդյունահանումը դադարել է, համայնքային բյուջե վճարումներ չեն եղել, հսկայական հեկտարներով հանքատարածքները պարապուրդի են մատնված եղել, այժմ Արթիկում  շահագործվում է միայն երկու հանք:   Վերոնշյալ հանքատարածքների՝ <<Կլորիկ>> ՍՊԸ-ի կողմից  կրկին վերաշահագործման թույլտվություն ստանալով կլուծվեն սոցիալական շատ խնդիրներ,  կստեղծվեն  նոր աշխատատեղեր: Նա նաև նշեց, որ ընկերությունը կմասնակցի համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նա մտահոգություն հայտնեց, որ հանքերի շահագործումն այնպես պիտի իրականացվի, որ հարևանությամբ գտնվող 40 հա լքված քարհանքերի ռեկուլտիվացիայի բնապահպանական ծրագրին չխանգարի: Առարկություն էր եկել ՇՄ նախարարությունից, որ ծրագրի շրջանակներում ընդգրկված տարածքներն իրար շատ մոտ են գտնվում, այդ պատճառով 5 հա հանքատարածք հանվել է ծրագրից, ինչը բավականին հեռացրել է երկու գոտիներն իրարից: Բացի այդ հանքատարածքների վերաշահագործումը լուրջ ներդրումներ է պահանջում, ինչին ընկերությունը պատրաստ է: Հանքերի շահագործումով Արթիկում կստեղծվեն նոր աշխատատեղեր, ինչն այնքան կարևոր է առկա սոցիալ-տնտեսական բարդ ժամանակահատվածում:

4.    Քաղաքաշինության բաժնի պետ Ս. Տեր Կարապետյանը ողջունեց հանքերի վերաշահագործման ծրագիրը: Տարածքը նախկին <<Տուֆ կոմբինատի>> շահագործած հանքերի տարածքն է՝ 12.5 հա, 2,9 հա,  5 հա հանքատարածք, որից 5 հա հանքատարածք  հանվել է ծրագրից: Խոսքը այն տարածքի մասին է, որը մոտ էր գտնվում <<Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում>> ծրագրի շրջանակներում իրականացվող 40 հա տարածքին: Քանի որ բնապահպանական նորմերին չէր համապատասխանում նշված կոորդինատները, այն է՝ սանիտարապաշտպանիչ գոտին հանգստյան գոտու և հանքատարածքների միջև բավարար չէր,  Շրջակա միջավայրի նախարարությունից Արթիկի համայնքապետարանը  ստացավ  առարկություն:

5.    Փորձագետ Հ. Մկրտչյանը հարցրեց, թե երբ է դուրս եկել 5 հա տարածքը ծրագրից, ՊՈԱԿ-ը տեղյակ չէ, իրենց մոտ եղած տեղեկատվությամբ՝ երկու տարածքների միջև հեռավորությունը կազմում է ընդամենը 29 մետր հեռավորություն: Այս հանգամանքի մասին պետք է իրենց ՊՈԱԿԸ գրավոր տեսքով տեղեկացվի:

6.   Ս. Տեր Կարապետյանը ասաց, որ 5 հա տարածքը ծրագրում չընդգրկելով՝  երկու տարածքների միջև հեռավորությունը մոտ 100 մետրի է հասնում: Նա նշեց, որ առկա նորմերին համայնքապետարանը ծանոթ չէ, եթե ունենան տվյալներ, աշխատանքները կտարվեն համապատասխան այդ նորմերի:

 

Մասնակիցների կողմից բարձրացվեցին հետևյալ հարցերը

 

1.Ներդրող Ռ. Պետրոսյանն ասաց, որ հանքերի շահագործումից հետո իրենք       պատրաստ են հողաշերտով ծածկել այդ տարածքները,  ռեկուլտիվացիա անել և միացնել բնապահպանական ծրագրով նախատեսված 40 հա տարածքին: Այդ 5-10 հա տարածքներում անգամ եթե քարի արտադրություն չիրականացվի էլ, միևնույն է, դրանք հանդիսանում են փոշու աղբյուր, քանի որ լցված են տուֆ քարի մնացորդներով, ավազով:

2.    Ա. Գրիգորյանը հարցրեց փորձագետ Հ. Մկրտչյանից, ինչքան է ըստ բնապահպանական նորմերի հանգստյան գոտու և քարհանքերի միջև պահպանվող հեռավորությունը:

3.    Փորձագետ Հ. Մկրտչյանը պատասխանեց, որ հեռավորությունը սահմանվում է ապարի կազմով, եթե տուֆ քար է, ապա 300 մ հեռավորություն պետք է պահպանել, ըստ իր նախնական տեղեկատվության:

 

4.    Ներդրող Ռ. Պետրոսյանն ասաց, որ նշված հանքավայրերում մոտ 50 տարի քարհանման աշխատանքներ են տարվել, այդ տարածքները կտրված են, փոշին սովորական քամուց բարձրանում է, և շատ   ավելի լավ կլիներ, որ  իրենք  օգտագործեին այդ տարածքները, հետագայում էլ  ռեկուլտիվացիա անեին, պայմանագրում էլ իրենց  կողմից ստանձնած պարտավորության  մասին նշվեր:

5.    Ա. Գրիգորյանը նշեց, որ այդ հանքը լիցենզավորված է եղել, գործունեություն իրականացնող կազմակերպությունն այդ լիցենզիան դադարեցրել է, և հարցրեց այդ կազմակերպության՝ լիցենզիան երկարացնելու դեպքում ինչ իրավիճակ կստեղծվեր այդ տարածքում: Հանքը իր լիցենզիայով կար անգամ այն ժամանակ, երբ  բնապահպանական այս  ծրագիրը հաստատվեց: Այդ ժամանակ հարևանությամբ  լիցենզիա ունեց հանքի հանգամանքը չէր խանգարում բնապահպանական ծրագրին, եթե խանգարեր, համայնքապետարանը և նախարարությունը համապատասխան գործողություններ պիտի իրականացնեին  այդ ընկերության լիցենզիա դադարեցնելու համար: Հիմա ինչպես պետք է վարվել, եթե այդ ընկերությունը լիցենզիան չդադարեցներ և շարունակեր հանքը շահագործել: Բացի այդ, երբ 40 հա լքված քարհանքերի տարածքում ռեկուլտիվացիա անելու և որոշ մասի վրա հանգստյան գոտի հիմնելու ծրագիր հաստատվեց, հաշվի էր առնվել, որ  տարածքում կային նաև դեռևս ընդերքը չսպառված հանքեր, որոնք ունեին շահագործման լիցենզիա: Միթե այնպես հնարավոր չէ հարցին մոտենալ, որ այս երկու ծրագրերն իրար չխանգարեն և իրագործելի դառնան: Արթիկից արտահանվող տուֆ քար այժմ չկա, սակայն համայնքն էլ, հանրապետությունն էլ շինաքարի կարիքն ունեն, քանի որ արդյունահանման  ծավալները գրեթե զերոյացվել են, մնացել են մեկ-երկու գործող հանքեր,  և այժմ  հնարավորություն է ընձեռնվել մեծացնելու տուֆ քարի  արդյունահանման ծավալները, պետբյուջե և համայնքի բյուջե ակնկալվող դրամական հոսքերն ավելացնել:   Նիստը վարողը  խնդրեց մասնագիտորեն հաշվել, թե ինչքան արտանետում է լինելու, ինչքանով են այդ արտանետումները տարածվելու,  ինչ տեխնիկա է աշխատելու,  որպեսզի այս երկու ծրագրերը միմյանց չխանգարեն: Նախանական հարցումներով համայնքապետարնը տեղեկատվություն է ստացել, որ 100 - 150 մետր սանիտարապաշտպանիչ գոտին բավարար է: Նա ասաց, որ բնապահպանական ծրագիրը նույնպես չափազանց կարևոր է համայնքի համար, և հնարավոր գործողությունները պետք է համատեղ իրականացվի, որ այս երկու ծրագրերը  կյանքի կոչվեն:

6.   Հ. Մկրտչյանը պատասխանեց, որ եթե ձեռքով է շինքարը կտրվում՝ 50  մետր է հեռավորությունը, հաջորդը հեռավորությունը նորմատիվներով 300 մետր է:

7.     Ծրագրի նախագծող Մ. Հարությունյանը հարցրեց, ջրցան մեքենայի առկայության դեպքում չափորոշիչները ինչպիսին են:

8.   Հ. Մկրտչյանը պատասխանեց, որ դա նեղ մասնագիտական հարց է, որը պետք է հաշվվի: Պարզապես պետք է հաշվի առնվի այն հանգամանքը, որ հանքի հարևանությամբ ունենք հանգստյան գոտի, եթե պահպանվի 300 մետր  սանիտարապաշտպանիչ գոտի, ապա հանքի շահագործումը հնարավոր կլինի իրականացնել: Այժմ հնարավորություն կա փոխել ընդրկված հանքատարածքների սահմանների հեռավորությունը, նախնական գնահատման հայտում պետք է հստակ կոորդինատները երևան, հետագա փուլում  դրա հիման վրա կկազմվի նախագիծ:

9.   Արթիկի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ Գ. Քարտաշյանը նույնպես կարևորեց անհրաժեշտ սանիտարապաշտպանիչ գոտու առկայությունը, նա ասաց, որ ճիշտ չէ, երբ հանգստյան գոտում ակտիվ հանգիստ անցկացնող մարդը շնչի հարևանությամբ գործող քարի հանքից եկող ավազն ու փոշին:

10.Հ. Մկրտչյանը պատասխանեց, որ նախնական գնահատման հայտի մեջ պետք է նշվեն այս փոփոխությունները, ապա երկրաբաններն ու բնապահպանները կտան իրենց մասնագիտական եզրակացությունը: Պետք է նշվի, թե քարի արդյունահանումը ձեռքի քարհատ մեքենայով է իրականացվելու, ջրցան մեքենայի առկայությամբ է քարը կտրվելու, հզորություններն ու ծավալներն է նշվելու, Նա կարևորեց նաև պաշտպանիչ գոտում բարդիների տունկի գաղափարը: Քանի որ առանց այս փոփոխությունների եզրակացությունն առկա տվյալներով արդեն բացասական է, փոփոխություններն արձանագրության հետ մեկտեղ պետք է ներկայացվի ՇՄ փորձագիտական կենտրոն՝ հետագա ուսումնասիրության համար: Անհրաժեշտ կոորդինատները <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին  փոխանցելուց հետո կներգրավվեն  համապատասխան մասնագետներ, ովքեր հստակ կպատասխանեն և կտրամադրեն տեխնիկական առաջադրանք:

11.   Ներկաներից Ա. Նիկողոսյանը հարցրեց, որ եթե  սանիտարապաշտպանիչ գոտին 300 մետր պետք է լինի, այդ տարածքում գտնվող հանքանյութը երբևէ չպիտի արդյունահանվի:  Հանքերը երկրի հարստությունն են, ընդերք է, և այն պետք է օգտագործվի հանրապետությունում քարի՝ որպես շինանյութի դիֆիցիտը վերացնելու համար, երկրի, համայնքի զարգացման համար:  Նա նաև նշեց, որ ներդրող կազմակերպությունն այլ տարածքներում քարի արդյունահանում է իրականացրել և հետո սեփական ուժերով ռեկուլտիվացիա արել: Այժմ այդ հանքերի տարածքներն ամբողջովին խոտածածկված են, և երբևէ չես էլ ասի, որ դրանք նախկինում հանքատարածքներ են եղել, այժմ այդ տարածքները արոտավայրեր են դարձել: Հիմա կարելի է հաշվի առնել արդյունահանման ընթացքում փոշու արտանետումները մեղմացնող սարքավորումների առկայությունը, այդ տարածքների վրա հետագայում ռեկուլտիվացիա անելու ներդրողի պատրաստակամությունը, բարդիների տունկով այդ երկու տարածքներն իրարից կտրելու պատրաստակամությունը, համայնքում  տիրող  բարձր գործազրկությունը և ավելի մեղմել սանիտարապաշտպանիչ գոտու հեռավորության նկատմամբ առկա չափորոշիչները: Բացի այդ մինչ հանգստյան գոտու շինարարական աշխատանքների ավարտը ներդրողները կհասցնեն վիճելի հատվածներից քարի արդյունահանում կազմակերպել և նույնիսկ ծածկել դրանք բուսահողով:

12.  Ա. Գրիգորյանը նշեց, որ արդյունահանվող քարը հանքավայրի վերին շերտերում չի գտնվում, այն շահագործված հանք է, և այստեղ խոսքը գնում է ավելի կարծր քարի և ավելի խորը շերտերում գտնվող հանքանյութի մասին: Այն օգտագործված հանք է և ավելի խորն է գտնվում հանքանյութը, փոշու արտանետումները շատ չեն կարող տարածվել, բացի այդ այդ հանքավայրերում ավելի կարծր շերտեր են մնացել, հետևաբար  փոշու արտանետումներ ավելի քիչ են լինելու: Նախկինում լիցենզիա ունեցող կազմակերպությանն այլևս ձեռնտու չի եղել այդ վայրերից արդյունահանում իրականացնել, հավանաբար այդ պատճառով էլ դադարեցրեց իր լիցենզիան:

13.  Հ. Մկրտչյանը նշեց, որ կիսում է Ա. Նիկողոսյանի մտահոգությունը, այս բոլոր  հանգամանքները և փոփոխությունները  պետք է ուսումնասիրեն իրենց համապատասխան բաժնի  մասնագետնեը, ովքեր կտան իրենց եզրակացություննը և համապատասխան տեղեկատվություն նորմերի  վերաբերյալ:

Համայնքի բնակիչ Կ. Վարդանյանը ասաց, որ բնակիչները կողմ են հանքերի վերաշահագործմանը, քանի որ այսօրվա պայմաններում ոչ մի աշխատատեղ չի ստեղծվում,  և  պետությունը  չի կարող   նպաստներով պահել իր քաղաքացուն:

Ուղիղ միացումը՝ https://youtu.be/MJKPzfpybvw հղմամբ



Կից փաստաթղթեր՝
(2.90 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner