Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Արթիկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 39
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Արթիկ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնք
ՀՀ Շիրակի մարզ, ք. Արթիկ, (0244)5 20-21, artikmun@mail.ru

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

15 սեպտեմբերի 2023 թվականի N 39

<<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների նախատեսման մտադրության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային առաջին քննարկումների

Հանրային քննարկումը սկսվեց ժամը 12:00-ին:

Ներկա էին՝  Արթիկ համայնքի ղեկավարի տեղակալներ Վարդան Մակեյանը,  Արման Աջամօղլյանը, Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանը, <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի տնօրեն Արման Բաբայանը, նախագծի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանը, գլխավոր մասնագետ Արման Արամյանը, բնապահպան Կարինե Մովսիսյանը, Արթիկի համայնքապերանի ոլորտային պատասխանատուները, ծրագրի շահառու  Նոր Կյանք, Փանիկ, Վարդաքար, Մեղրաշեն, Անուշավան գյուղերի վարչական ղեկավարները, համայնքի բնակիչները։

Հանրային քննարկումը վարում էր Արթիկ համայնքի ղեկավար Ա. Ոսկանյանի կողմից լիազորված անձ՝ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Մակեյանը։

Նա ողջունեց ներկաներին, ներկայացրեց հանրային քննարկման օրակարգը. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փոր­ձա­քննու­թյան մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 19/11/2014թ/N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2023թ. սեպտեմբերի 15-ին ժամը12։00-ին Արթիկի համայնքապետարանում տեղի է ունենում <<Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի ևհիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի կողմից ձեռնարկվող «Արթիկի ջրամբարի» վերակառուցմանաշխատանքների նախատեսման մտադրությանվերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումների առաջին փուլը։  Նա խնդրեց մասնակիցներից իրենց հուզող բոլոր հարցերը բարձրաձայնել և մասնակցել քննարկմանը:

 

Ելույթ ունեցան

1.     <<Ակադեմիկոս Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի բնապահպան, փորձագետ Կարինե Մովսիսյանն ասաց, որ հանրային քննարկումներն իրականացվում են՝ համաձայն ՀՀ Կառավարության 1325 որոշման շրջանակներում, հանրային առաջին քննարկումները վերաբերում են նախատեսվող գործունեության մտադրության մասին, այսինքն ընկերությունը համայնքի ներկայացուցիչներին տեղեկացնում է իր մտադրության մասին, որ նախատեսում է վերականգնման աշխատանքներ կատարել ջրամբարում: Ստանալով հանրային քննարկման արդյունքում համայնքի նախնական համաձայնությունը, արձանագրությունը, տեղեկանքը, տեսաձայնագրությունը և մասնակիցների ցանկը կներկայացվի <<ՇՄԱԳ փորձաքննական կենտրոն>> ՓԲԸ, հաջորդիվ ինստիտուտի մասնագետները կկազմեն համապատասխան շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական  գնահատման հայտ, որը պետական ցուցիչով, համապատասխան փաստաթղթերով և հիմնավորումներով կներկայացվի ՀՀ Շրջակա միջավայրի նախարարություն, որտեղ փորձաքննական գործընթացի իրականացնելու ընթացքում կանցկացվի եռակողմ հանրային քննարկումներ՝ ՀՀ ՇՄ նախարարության փորձաքննական կենտրոնի  ներկայացուցչի մասնակցությամբ: Արդյունքում նրանց մասնագետի կողմից կառաջադրվի տեխնիկական առաջադրանք, որի հիման վրա էլ կկազմվի շրջակա միջավայրի վրա ազդեցության  գնահատման հաշվետվություն, որից հետո էլ կկազմակերպվեն ևս 2 հանրային քննարկումներ հաջորդ փուլերի համար:

Փորձագետը ներկայացրեց, որ գործընթացն առաջին փուլում է, իսկ ընկերության նպատակն է գործունեության մտադրության մասին համայնքին ներկայացնելը և հանրության հավանությունն ակնկալելու գործառույթը:

Ջրամբարի վերակառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության վերլուծությունը ներկայացրել են <<Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բաբայանը, նախագծի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանը և գլխավոր մասնագետ Արման Արամյանը:

2.     Նախագծի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանը մանրամասնեց, որ ջրամբարը փլուզվել է 1994 թվականին: Մոտ 420հա տարածք կոռոգվի ջրամբարի վարականգնումից հետո, որոնք Արթիկ համայնքի  Նոր Կյանք, Վարդաքար, Անուշավան, Մեղրաշեն, Փանիկ բնակավայրի հողերն են, և դրանք կոռոգվեն ինքնահոս եղենակով:  Նա ներկայացրեց ջրամբարի հզորությունը, սնուցող աղբյուրները և այլ տվյալներ:

Ինստիտուտի մասնագետներն ընդգծեցին, որ Արթիկի ջրամբարի ջրային պաշարները պահուստային դեր են կատարելու Վարդաքարի ջրամբարի համար։

3.   Կարևորելով ջրամբարի դերը` Արթիկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արա Սուքիասյանն ասաց, որ Արթիկի ջրամբարի վերակառուցումն էական խթան է լինելու տարածաշրջանի գյուղատնտեսության զարգացման համար, հատկապես ամռան ամիսներին, երբ ոռոգման ջրի սակավությունը լուրջ խնդիր է գյուղատնտեսական աշխատանքների իրականացման համար։

4.   Նիստը վարող Վարդան Մակեյանը ներկայացրեց Արթիկի ջրամբարի դերն ու նշանակությունը համայնքի համար, նա ասաց, որ եթե ՀՀ Կառավարության   ջրային ռեսուրսների կառավարման ռազմավարության մեջ է մտնում նման փոքր ծավալի ջրամբարների կառուցումը, ապա մենք էլ մեր հերթին պետք է մեծ պատասխանատվությամբ վերաբերենք այս հարցին և հնչեցնենք հուզող հարցեր: Որպես ոլորտային պատասխանատու, ինքը մտահոգություն է հայտնում ներկայացրած ջրային պաշարների ծավալների առումով: Երբ Արթիկի ջրամբարը ցանկացել են կառուցել, այդ ժամանակ ջրային պաշարներն այլ են եղել, ակներև է  նաև Վարդաքարի ջրամաբարի ծավալների կրճատումը: Որքանով է հիմնավորված տարածքում ջրային պաշարների ծավալների վերլուծությունը, արդյոք ջրի հետզհետե նվազող քանակը հաշվի է առնված: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը կցանկանային լսել համայնքի պատասխանատուները և  ներկաները հետագա կայանալիք  հանրային քննարկումների ընթացքում:  Խնդրում եմ ուշադրություն դարձնել այդ հանգամանքների վրա, որպեսզի արդյունքները լինեն գոհացուցիչ և ծառայեն բնակչությանը:

Հնչեցին հարցեր՝

1.     Անուշավան բնակավայրի վարչական ղեկավար Երվանդ Հակոբյանը, ասելով, որ Անուշավանի վարելահողերը համեմատաբար բարձր տեղադիրք ունեն ջրամբարի մակարդակից: Նշյալ հողերը ոռոգելու համար ի՞նչ եղենակով է ջուրը հասնելու բարձրադիր հատվածներ, աշխատելո՞ւ է արդյոք պոմպակայան և բաշխիչ կայան:

2.    Եվ արդյո՞ք Արթիկ համայնքի կոյուղագջրերը թափվելու են Արթիկի ջրամբար, թե՝ ոչ:

Բնապահպան Կարինե Մովսիսյանն ասաց, որ սելավատարերի հոսքաջրերի  ուղղությունն իրենք մտադիր չեն փոխելու, ուր որ թափվել են նախկինում, այդտեղ էլ կհոսեն այդ ջրերը:

Վարդան Մակեյանն ասաց, որ այդ ջրերը լցվում են Վարդաքարի ջրամբար: Դա էկոլոգիական խնդիր է,  որն առկա է ամբողջ Հանրապետությունում, սակայն կոյուղաջրերի ներթափանցում Արթիկի ջրամբար թասի տարածք չի լինելու:

Իսկ ինչ վերաբերում է նիշերին, ապա Անուշավանի վարչական շրջանի  տարածքները, որոնք շահառու կդառնան ջրամբարին, կազմում են մոտ 30 հա մակերես, և հաջորդ փուլում այդ խնդրին կանդրադառնան,  տեխնիկական առաջադրանքում ներառված կլինի այս հարցը:

1.     Վարդաքար բնակավայրի վարչական ղեկավար Գալուստ Ավետիսյանը հարցրեց, ենթակառուցվածքները ծրագրի շրջանակներում են կառուցվելո՞ւ, թե՞ այլ ծրագրով:

Նախագծի գլխավոր ինժեներն ասաց, որ դրանց կառուցումը նույնպես ծրագրի շրջանակներում է:

2.    Նիստը վարող Վարդան Մակեյանն ասաց, որ Արթիկի ջրամբարը կառուցելուց հետո 30%-ը բնապահպանական ջրթողում պետք է  լինի դեպի Վարդաքարի ջրամբար, իսկ այսօր Վարդաքարի ջրամբարում ջրի խնդիրն առերևույթ է, ջրամբարի 90 %-ը դատարկ է: Մասնագետները  լուրջ ուսումնասիրությունների կարիք ունեն ջրային պաշարների ծավալների առումով, սա համայնքի կողմից ահազանգ է: Եվ որպեսզի Կառավարության հատկացրած գումարները չփոշիանան, ծրագիրն էլ իր նպատակին ծառայի, ապա գուցե և անհրաժեշտ է ջրամբարի հզորությունը պակասեցնել՝  եղած գումարները նպատակային օգտագործելու համար:

Նախագծի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանն ասաց, որ  հաշվարկված են Կարանգու գետերի հիդրոլոգիան, Արթիկ գետի ելքերը, մնացորդային ելքերը, Արթիկի ջրամբարի բնապահպանական ելքերը, Վարդաքարի ջրամբարի ուղղահատածքում ելքերը և հոսքերը, հիդրոլոգիական հաշվարկները ցույց են տալիս, որ դրանք բավարարում են նպատակին հասնելու համար:

1.     Փանիկ բնակավայրի վարչական ղեկավար Գևորգ Սալնազարյանը հարցրեց՝ ի՞նչ ժամկետներում է նախատեսվում ավարտին հասցնել ջրամբարի կառուցումը և շահագործման հանձնելը:

Նախագծի գլխավոր ճարտարագետ Գագիկ Ղազարյանն ասաց, որ 2024 թվականի օգոստոս ամսին կավարտվի նախագծման փուլը, ևս 6 ամսում փորձաքննությունը կավարտվի, իսկ թե ի՞նչ ժամկետներում կհայտարարվի շինարարական մրցույթ և որքա՞ն կտևի շինարարությունը, իրենք իրավասություն չունեն այդ հարցերին պատասխանելու:    

1.   Գագիկ Ղազարյանը հարցրեց, որքան է մշակովի բույսերի բերքատվությունը տարածաշրջանում ոռոգման առկայության և բացակայության պայմաններում:

Մեղրաշեն բնակավայրի վարչական ղեկավար Հունան Պետրոսյանը, ով երկար տարիներ վարելով   ֆերմերային տնտեսություն, հանգամանորեն ներկայացրեց բերքատվության ցուցանիշները, ներկայացնելով, որ իրենք ոռոգովի դաշտերից եռակի, անգամ քառակի բերք են ստանում: Իսկ քանի որ ջրամբարի շահառու հողատարածքներն առաջին կարգի սևահողեր են, ապա ազգաբնակչությանը ջրամբարի վերակառուցումից մեծ օգուտներ կստանան և տարածաշրջանում գյուղատնտեսական ակտիվություն կգրանցվի:

1.   Վ. Մակեյանը հորդորեց մեծ ուշադրություն դարձնել հնչեցրած խնդիրներին, նշելով, որ մասնագետները պարտավոր են դրանք ուսումնասիրել և հիմնավորումներ տալ: Համայնքի խնդիրն է դրանք նման քննարկումների միջոցով բարձրաձայնել, իսկ բնապահպանների և ինժեներների խնդիրը՝ դրանք ուսումնասիրել:

2.  Գագիկ Ղազարյանն ասաց, որ իրենց հաշվարկների համար հիդրոլոգիական տվյալներից են օգտվել, դրանք վերաբերում են ջրամբարի մուտքերին, ելքերին, տարեկան ցուցանիշներին, այս տվյալների վերլուծության հետևանքով որոշվել է ջրամբարի հզորությունը: Ջրամբարի թասում նախատեսվում է հակաֆիլտրացիոն միջոցառումներ իրականացնել, որպեսզի ջրի կորուստ թասի շրջանում չլինի: Ջրամբարը հաշվարկված է 50% ապահովության համար: Տարածքները մի տարի կոռոգվեն, մի տարի չեն ոռոգվի: Արթիկի ջրամբարի համար այս  տվյալները բավական գոհացուցիչ են:

 

<<Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ>> ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Բաբայանն ասաց, որ իրենք տեղյակ են եղել տարածաշրջանում ջրի խնդրից, և իրենց մասնագետները կանեն առավելագույնը, որպեսզի արդյունքները լինեն գոհացուցիչ:

3.    Արթիկի համայնքապետարանի զարգացման ծրագրերի և տուրիզմի բաժնի պետ Մովսես Մովսիսյանը հարցրեց, թե ինչն է աղբյուրների և գրունտային ջրերի քանակի նվազեցման պատճառը, կա արդյոք որևէ գիտական բացատրություն այս երևույթին: Նա դժգոհություն հայտնեց նաև ձկնաբուծարանների հորատանցքերի չափերից և ջրօգտագործման մեծ չափերի հասնող թույլտվությունների առնչությամբ: Ըստ նրա պատկերացման, ստորգետնյա ջրերի հոսքը ուղղված է դեպի դատարկ տարածքներ, իսկ անձրևաջրերը և հալոցքային ջրերն արագ ներծծվում են՝ թույլ չտալով վերգետնյա առուներին ու գետակներին հորդանալու:

 

Հարցին պատասխանեց Կարինե Մովսիսյանը, ասելով, որ տարածաշրջանում ձկնաբուծարաններ չկան, և դա չէ պատճառը ջրի ծվալի նվազեցման: Մենք չենք կարող ստորգետնյա ջրերի ուղղությունը փոխել: Դրա պատճառը տարեկան տեղումների նվազեցումն է, որն էլ բնակլիմայական լուրջ խնդիր է ու մարտահրավեր՝ ողջ մարդկության համար:

Գագիկ Ղազարյանը հավելեց, որ ինքն ունի պետական գերատեսչության կողմից տրամադրված  Կարկաչուն և Ղարիբջանյան գետերի ցուցչային տվյալներ տարեկան միջին մուտքերի  ու ելքերի վերաբերյալ: Իր մոտ կայանի հաշվարկած թվերն են ներկայացված, որտեղ ներկայացված են 1942 թվականից մինչ 2022 թվականի տարեկան և ամսական ելքերը: Հիդրոլոգիական շարքի տվյալները հաստատված են դրանք տրամադրող մարմնի կողմից, և նախագծողները որևէ պատասխանատվություն չեն կրում դրանց ոչ հավաստի լինելու համար, իսկ նախագծման փուլում հաշվարկների համար ինստիտուտի մասնագետները   պարտավոր են հիմնվել այդ տվյալների վրա:  

Փակելով քննարկումը` Վարդան Մակեյանը հանրային քննարկման ներկաներին խնդրեց աշխատանքային քննարկման շրջանակներում խոսել աղբյուրների մուտքային և ելքային ցուցիչների վերաբերյալ,  շնորհակալություն հայտնեց Ի. Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի պատասխանատուներին մասնագիտական վերլուծություն կատարելու, իսկ հանրային քննարկման մասնակիցներին` արդյունավետ քննարկում անցկացնելու համար։  Ամփոփելով արդյունքները՝ նիստը վարող Վարդան Մակեյանը և ներկաները տվեցին իրենց դրական կարծիքը «Արթիկի ջրամբարի» վերակառուցման աշխատանքների նախատեսման մտադրության վերաբերյալ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային առաջին քննարկումների վերաբերյալ:

 

  Հանրային քննարկումն ավարտվեց 12:57-ին  



Կից փաստաթղթեր՝
(634.30 Կբ)
(7.51 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53002393@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐԹԻԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner